Իմ տարածաշրջանում հաշմանդամություն ունեցող անձինք չունեն այն հնարավորությունները, որոնցից օգտվում են հաշմանդամություն չունեցող անձինք, մասնավորապես նրանք չունեն կրթության հասանելիություն (նրանց համար ապահովված չեն հավասար կրթական հնարավորություններ): Եթովպիայի հյուսիսի գյուղական վայրերում (Եթովպիայի Տիգրեյ տարածաշրջանում) խուլ երեխաների մեծ մասը չի ստանում կրթություն: Տարածաշրջանում գործում է ընդամենը երկու դպրոց խուլ երեխաների համար, որտեղ ուսանում են մոտ 150 խուլ աշակերտներ: Խուլ համայնքի մյուս ներկայացուցիչները (շուրջ 7000 մարդ) չունեն կրթական հնարավորություններ կամ չեն ստանում ժեստերի լեզվով ուսուցում:
Իմ տարածաշրջանի տարբեր շրջաններում բազմաթիվ խուլ երեխաների, երիտասարդների և մեծահասակների հետ հանդիպումները ինձ համար խթան հանդիսացան և ստիպեցին գործողություններ ձեռնարկել: Ես հասկացա, որ այն խնդիրները, որոնց նրանք բախվում էին, շատ խրթին ու բազմազան են: Նրանք երբեք չէին սովորում ժեստերի լեզու, ուստի չէին կարող արտահայտել իրենց կարիքները ուրիշներին, օրինակ, բժշկին տեղեկացնել իրենց հիվանդության մասին:
Իմ առաջին քայլն էր ժեստերի լեզու սովորեցնել կրթություն չունեցող խուլ երեխաներին: Արդյունքում Մեկելե քաղաքում ես ստեղծեցի խուլերի համայնքային կենտրոն, որտեղ խուլ երեխաները կարող էին սովորել միմյանցից և կիսվել իրենց փորձով: Կենտրոնն առաջարկում էր ժեստերի լեզվով ուսուցում և այն հավաքատեղի էր խուլերի համայնքի համար: Այն նաև ճանապարհ էր հարթում հետագա առաջընթացի համար:
Կենտրոնի հաջող գործունեությունից ոգևորված՝ մենք կապ հաստատեցինք կառավարության հետ և մեզ հաջողվեց լուծում տալ խուլերի դպրոցի ստեղծման մեր խնդրանքին: Դպրոցը բացվեց 2006 թվականին և այն կրթություն է տրամադրում 1-11- րդ դասարանների աշակերտներին: Թեև խուլերի դպրոցը փոխարինեց խուլերի կենտրոնին, այն նաև հանդիսանում է խուլ համայնքի հանդիպման վայր: Սա հիմնովին փոխում է խուլ մարդկանց կյանքը՝ նրանց տանելով խավարից դեպի լույս: Աշակերտներն այժմ իրազեկ են իրենց երկրում և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից: Նրանցից ոմանք սկսում են ձեռնարկատիրական գործունեութուն ծավալել:
Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ ես մասնակցեցի Եթովպիայի Խուլերի Ազգային Ասոցիացիայի (ENAD) կողմից կազմակերպված ժեստերի լեզվի դասընթացին, որը անցկացվում էր 2004 թվականի փետրվարին իմ հայրենի քաղաքում՝ Մեկելեում: Շատ խուլ երեխաներ ու մեծահասակներ առաջին անգամ էին մասնակցում այս դասընթացին: Այն բանից հետո, երբ դասընթացավարները վերադարձան մայրաքաղաք Ադիս Աբեբա, ես և իմ գործընկերները կամավոր կերպով շարունակեցինք ժեստերի լեզվի դասընթացները շաբաթական երկու օր: Այս ժամանակ էր, երբ ես հիմնեցի խուլերի կենտրոնը, որտեղ պետք է անցկացվեին դասընթացներ և, որը պետք է հանդիսանար հավաքատեղի խուլ համայնքի համար: Մասնագիտական վերապատրաստման կենտրոնում մենք անվճար դասընթացներ էինք կազմակերպում հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Խուլերը շատ ուրախ էին միմյանց հանդիպել և շփվել միևնույն լեզվով դասընթացների ժամանակ: Մենք խնդրեցինք Սոցիալական հարցերի նախարարությանը մեզ օգնել՝ գտնելու ավելի շատ խուլ մարդկանց, որպեսզի մենք կարողանայինք ավելի լայն գործունեություն ծավալել կենտրոնում: Նրանք մասամբ մեզ օգնեցին՝ հրավիրելով կառավարության ներկայացուցիչներին մեզ հետ հանդիպման, որպեսզի մենք կարողանայինք համառոտ կերպով ներկայացնել խուլերի խնդիրները, հատկապես ուսումնական պրոցեսի մարգինալացման խնդիրը: Մեկելե քաղաքի Սոցիալական հարցերի բաժինը մեզ շատ օգնեց: Մենք հանդես եկանք հայտարարություններով շատ տարբեր վայրերում՝ կինոթատրոններում, եկեղեցիներում, քաղաքապետարաններում, տեղական ձեռնարկություններում և այլուր: Որոշ ժամանակ անց խուլ մասնակիցների թիվն աճեց, և աշակերտները սկսեցին դասավանդել միմյանց ու կապ հաստատել իրենց համայնքի այլ խուլերի հետ:
Քանի որ դասընթացի պահանջարկը շատ մեծ էր, մենք խնդրեցինք կառավարությանը մեզ թույլատրել ունենալ խուլերի դպրոց: Մենք բացատրեցինք, որ կրթության հասանելիությունը մեր երկրում հավասար չէ և, որ մեր Սահմանադրությունն ու կրթական քաղաքականությունը պահանջում են, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա կրթութուն ստանալու լիարժեք իրավունք: Բացի այդ, մենք նշեցինք, որ Հազարամյակի զարգացման նպատակները պահանջում են, որ յուրաքանչյուր երեխա պետք է կրթություն ստանա: Եվ՛ Սոցիալական հարցերի նախարարությունը, և՛ Կրթության նախարարությունը համաձայնություն տվեցին և 2006թվ.-ի սեպտեմբերին բացեցին խուլերի տարրական դպրոց Մեկելե քաղաքում: Դպրոցը ֆինանսավորվում և կառավարվում է կառավարության կողմից և ունի ընդհանուր հաշվով 18 ուսուցիչ, որոնցից վեցը խուլ են: Ուսուցիչները, ովքեր լսում են, շուտով կվերապատրաստվեն, որպեսզի բարելավեն ժեստերի լեզվի իրենց հմտությունները: Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել այդ երկու տարիների ընթացքում:
Այսօր Մեկելե քաղաքում կան բազմաթիվ անձինք, ովքեր սովորում են ժեստերի լեզու: Ես ժեստերի լեզու եմ դասավանդում կրթություն չունեցող խուլ երեխաներին և նրանց ծնողներին, պետական պաշտոնյաներին, ավագ դպրոցի ուսուցիչներին, բուժքույրերին և իրավաբաններին: Ես նաև ժեստերի լեզու եմ դասավանդել շուրջ 350 ուսանողների Մեկելեի համալսարանում, մինչ ստանում էի իմ բակալավրի աստիճանը: Համալսարանն ինձ պարգևատրեց բազում վկայականներով այս ձեռքբերման համար:
Ես բազմաթիվ դժվարություններ եմ ունեցել, մասնավորապես, ունեցել եմ գումարի պակասություն, արժանացել եմ բացասական վերաբերմունքի չլսող երեխաների ծնողների և որոշ պետական պաշտոնյաների կողմից: Ծնողները չէին ցանկանում իրենց երեխաներին ուղարկել խուլերի կենտրոն և դպրոց, հատկապես գյուղական վայրերում բնակվողները: Փորձելով լուծել խնդիրը՝ ես սկսեցի համագործակցել իմ գործընկերների հետ, Սոցիալական հարցերի նախարարության և տեղական լրատվամիջոցների հետ: Ի վերջո, համագործակցության արդյունքում մենք անցկացրինք իրազեկության բարձրացման դասընթաց շահագրգիռ կողմերի համար, որը կազմակերպվեց Սոցիալական հարցերի բաժնի կողմից: Բայց դա չէր նշանակում, որ այդ խնդիրը լիովին լուծված էր. շատ խուլ երեխաներ շարունակում էին մնալ տանը, չէին հաճախում ո՛չ դպրոց, ո՛չ էլ խուլերի կենտրոն:
Այնուհետև գերազանց հնարավորություն ընձեռվեց: Կառավարությունը հրամանագիր ստորագրեց, որը հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն էր տալիս մասնակցել սպորտային տարբեր միջոցառումների: Կառավարության այս նախաձեռնության շնորհիվ հաշմանդամություն ունեցող մարզիկները կարող էին մասնակցել միջազգային մարզական մրցույթների, ինչպիսիք են Պարալիմպիկ և Սուրդլիմպիկ խաղերին: Մենք օգտագործեցինք այս առիթը, որպեսզի տարածենք խուլերի մշակույթն ու խթանենք ժեստերի լեզուն: Այս ժամանակահատվածում շատ խուլ մարզիկներ հանդիպեցին միմյանց աթլետիկայի, թենիսի և ձեռքի գնդակի տարածաշրջանային և ազգային մրցաշարերի ժամանակ:
Ես ունեմ երազանք, որ մենք կկարողանանք ավելացնել խուլերի կենտրոնները այլ քաղաքներում ևս, ինչպիս օրինակ Շայեր և Աքսում քաղաքներում, որոնք Եթովպիայի հնագույն քաղաքակրթության քաղաքներից են:
Պարոն Լեուլ Տեսֆամեսկել
Ես խուլ ուսուցիչ եմ Եթովպիայի Տիգրեյ տարածաշրջանի Մեկելե քաղաքի Ալեն միջնակարգ դպրոցում: 1-8-րդ դասարանները ես սովորել եմ խուլերի դպրոցում, իսկ 9-12-րդ դասարանները սովորել եմ լսող աշակերտների հետ միասին՝ առանց ժեստերի լեզվի թարգմանության: Ես ստացել եմ Պատմության և մշակութաբանության իմ բակալավրի աստիճանը Մեկելեի համալսարանում (հայտնի համալսարան Եթովպիայում), իսկ այժմ հետբուհական կրթություն եմ ստանում Դասավանդման ոլորտում: Ես ավագ դպրոցի խուլ աշակերտների դասավանդման հինգ տարվա փորձ ունեմ: Բացի այդ, կամավորության սկզբունքով ես աշխատել եմ մի շարք հասարակական կազմակերպություններում, այդ թվում`
• Խուլերի միավորման Ադիգրատ մասնաճյուղի փոխնախագահ (2 տարի)
• Մեկելե քաղաքի հաշմանդամություն ունեցող անձանց Սեմիեն-Սաբ ասոցիացիայի նախագահ
• Խուլերի սպորտի ֆեդերացիայի (Սուրդլիմպիկ) նախագահ Եթովպիայի Տիգրեյ տարածաշրջանում (ընթացիկ)